1350 քմ ցուցահանդեսային տարածք, մոտ 120 մասնակից ընկերություն ու ստարտափ. տարվա ամենամեծ տեխնոցուցահանդեսը՝ Digitec Expo-ն այս տարի կլինի ամենամեծն ու հասցեն կփոխվի. Մերգելյանի տարածքի փոխարեն կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 29-31-ը:
Րաֆֆի Քասարջյան (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն) - Նախկինում Մերգելյան կենտրոնում անցկացնելիս մենք լինում էինք երեք հարկի վրա, բավականին նեղ էր տարածքը, յուրաքանչյուր տաղավարին հասնելու հոսքը դժվար էր ապահովել։ Այս անգամ համալիրի ամբողջ սառցադաշտի չորս մուտքն ենք օգտագործելու՝ ավելի հասանելի լինելու համար:
Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ կլինի նաև Digitec Summit համաժողով, որ համախմբեն աշխարհի առաջատար տեխնոդեմքերին, քննարկեն կրթության, համավարակի փոխած իրականության ու աշխատանքի նոր հնարավորությունների մասին:
Ալեքսանդր Եսայան (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ) - Անելու ենք մաքսիմալը, որ ապահովենք էն անունները, որը որ մոտիկ էին WCIT-ին: Շատ կարևոր է, մեր համար օրակարգը ձևավորելուց հետո կհայտնենք նաև անունները:
Զուգահեռ լինելու են այլ միջոցառումեր՝ ինտերնետի կառավարման ֆորումը, Սևծովյան համագործակցության ֆորումը, նաև համալիրի ֆոյեում պատրաստելու ենք մի ամբողջ տաղավար՝ ինչու Հայաստան, ցուց կտանք Հայաստանի ու հայկական ՏՏ ոլորտի փորձառությունը:
Ծրագրերը շատ են. կկազմակերպեն նաև 8-օրյա Digiweek-2021-ը՝ համախմբելով աշխարհի տեխնոհայերին, իսկ հոկտեմբերի 27-28-ի բարձր տեխնոլոգիաների Hyetech Showcase-2021 միջոցառումից հետո արհեստական բանականության, նորարարության և վենչուրային ֆինանսավորման մասին միջոցառումները կշարունակեն նոյեմբերի 1-3-ը:
Digitec Expo-ին մեր ռազմարդյունաբերական ընկերությունները կրկին մեծ հատվածով կմասնակցեն:
Բայց ռազմարդյունաբերության ոլորտը միայն մեկ շաբաթ չի լինի ուշադրության կենտրոնում. մինչև 2025-ի ԱՏՁՄ ռազմավարության ամենակարևոր ոլորտներից է:
Նաև ռազմավարական մյուս ծրագրերից. մոտ 600 «Արմաթ» լաբորատորիաներին կավելացնեն ևս 26-ը, «Բանակից՝ ՏՏ» ծրագրով պատերազմին մասնակից կամ նրանց ընտանիքներից 138 հոգի 12 մասնագիտոությամբ ընդունվել է. նրանցից 85-ը շարունակում են սովորել: Պետություն-մասնավոր գործակցությամբ կշարունակեն աշխատել նաև երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրության, գիտական հետազոտությունների, էլեկտրոնային կառավարման և կիբեռանվտանգության ուղղություններով: