«Դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում տարածքային զիջումներ չեն լինելու: Եթե հետագայում այդպիսի հարց քննարկվի, չպետք է մոռանալ Արծվաշենի մասին»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է լինի երկու երկրի կողմից, որից շահելու են ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի երկրները: Նախարարը նշել է նաև, որ եթե ապաշրջափակումը լինի, կառաջանա նոր ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտություն:
«Հատկապես եթե երկաթուղու մասին է խոսքը, չենք կարող առանց ենթակառուցվածքների կառուցման ունենալ ապաշրջափակում, որովհետև ունենք հատվածներ, որտեղ երկաթուղու նախկին ցանցը չկա, և պետք է նորը կառուցվի»,- ասաց Սանոսյանը:
Հարցին, թե ինչպես է անցնելու երկաթուղին, Սանոսյանը պատասխանեց.
«Երկաթուղու նախկին ցանցը կար, ուղղակի հիմա էնտեղից քանդել են: Նախիջևանով անցնում է, Մեղրիով անցնում է երկաթուղին: Եթե որոշում կայացվի, որ երկաթուղին պետք է շահագործել, ուրեմն այդ ուղղությունը պետք է վերականգնել և աշխատել: Սովետական տարիներին Իջևանի ուղղությամբ եղել է: Ենթադրյալ կարող է լինել, երբ տարածաշրջանում այնպիսի խաղաղություն լինի, և ամբողջությամբ մենք կարողանանք ապաշրջափակել, կարծում եմ՝ տնտեսապես նաև ձեռնտու կլինի այդ ուղղությունն էլ աշխատեցնել»: