ԱԺ-ն քննարկում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը:
Իր ելույթում Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձավ հանձնաժողովի ծավալած գործունեությանն ու նրա գործառույթներին:
Նրա խոսքով՝ 2007-ից ստեղծված այս հանձնաժողովը որոշակիորեն տարբերվում է ԱԺ մյուս մշտական հանձնաժողովներից, քանի որ այստեղ քիչ են քննարկվում օրենսդրական նախաձեռնություններ:
«Առավելապես ունենալով ներկայացուցչական բնույթ՝ այս հանձնաժողովի հիմնական գործառույթը Հայաստանի Հանրապետության և Եվրամիության օրենսդրությունների մոտարկումն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման նկատմամբ վերահսկողությունն է»,- պարզաբանեց Եղոյանը:
Այս համատեքստում նա անդրադարձավ նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրոյին՝ նշելով, որ կառույցի կողմից նման մեծ գումար հատկացնելու որոշումը պայմանավորված է անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների որակով:
Եղոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին. «Ապրում ենք անհանգիստ տարածաշրջանում, բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր են էստեղ բախվում, էդ շահերի բախումն առանձնապես հիմա շատ սուր է զգացվում: Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախումը նույնը չէ, ինչ 20, նույնիսկ 10 տարի առաջ: Մենք որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական կենտրոնների, գերտերությունների շահերի բախման կիզակետ: Որևէ դեպքում չպետք է կրակի վրա յուղ լցնենք մեր խոսքով, գործով, ընդհակառակը՝ պետք է փորձենք էստեղ համադրել նրանց շահերը»:
Հիշեցնենք, որ Արման Եղոյանն այս հանձնաժողովը գլխավորում էր նաև նախորդ գումարման խորհրդարանում: