Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի Զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումներին: Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ռազմական գերատեսչության ղեկավարը:
Սերգեյ Շոյգու (ՌԴ պաշտպանության նախարար) - Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի ԶՈՒ-ում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը: Խնդիրը հեշտ չէ, բայց, կարծում եմ, ձեր փորձի պարագայում այն կհաղթահարվի:
Ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը Շոյգուն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային, շեշտելով՝ այն լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր:
Սերգեյ Շոյգու - Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ:
Շոյգուն նաև շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակվելու կապակցությամբ: Իր հերթին, Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Հայաստանի զինված ուժերի մարտունակության վերականգնմանը, զորքերի համալրմանն ու վերապատրաստմանը նպաստելու պատրաստակամության համար:
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն ընդգծել է՝ նախարարի պաշտոնում իր առաջին այցը կատարում է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
Արշակ Կարապետյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Ռուսաստանը միակ պետությունն է, որն իրապես շոշափելի անվտանգային արդյունք է ստեղծում հայ ժողովրդի համար և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաև Հայաստանի սահմաններում: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության:
Հայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել օգոստոսի 10-ին, Սերգեյ Շոյգուի հրավերով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան