Այրվողը Նուբարաշենում կուտակված տոննաներով աղբն է ու դրանից առաջացող մեթան գազը։ Հուլիսյան թեժ հրդեհի գոտին հիմա գորշ սար է հիշեցնում։ Հարակից մի շարք տարածքների հետ այն ևս ծածկվել է հողի 2 մետրանոց շերտով՝ առաջին անգամ նվազագույնի հասցնելով աղբավայրի բաց մակերեսը։
Վահրամ Կարապետյան («էրեբունի» մաքրության հարթակի կառավարիչ) - Սենց երբևիցե չի եղել, որ 70 տոկոս լինի հողածածկ:
Նուբարաշենում թափոնների տեսակավորման-մաքրման աշխատանք իրականացնող «Էրեբունի» ՍՊԸ-ում խոստովանում են՝ աղբի կույտերը հարթեցնել, հողի տակ մտցնելու նման ծավալի գործը միայն իրենց ուժերով 20 օրում հազիվ թե հասցնեին։ Քաղաքապետարանն է օգնել, տրակտոր, բեռնատարներ տրամադրել, որ կարողանան լրացուցիչ ճանապարհ բացելով քանդել-տեղափոխել մոտակա լանջերի կավահողը։
Բորիս Ավագյան («էրեբունի» մաքրության հարթակի պատասխանատու) - Հողը տանում ենք, աղբանոց ենք լցնում։ Ցելոֆաններ ա քամու ժամանակ թռչում, դիմացը փակում ենք հողածածկով, համ էլ ճանապարհ ենք բացել, որ պաժառ ա լինում՝ պաժառնի կարողանա մոտենա աղբանոցին:
Հողային շերտը աղբի մի մասը թաքցնելու հետ նաև տարածվող գարշահոտն է մեղմել։ Ամբողջությամբ, սակայն, Նուբարաշենը կոնսերվացնել հնարավոր չէ․ օրն առնվազն 1000 ավտո թարմ աղբ է այստեղ բեռնաթափվում, այնպես որ, աշխատանքային տարածք է պետք՝ ասում է «Էրեբունի» մաքրության հարթակի կառավարիչը։
Վահրամ Կարապետյան - էս աղբի վրա գալու ա ժամանակը, մի 6 ամսից սրա վրա էլ ա հողածածկ արվելու, կաշխատենք մյուս հատվածի վրա:
Աղբի թաղման ժամանակավոր այս լուծումը կկիրառվի՝ մինչև թափոնների վերամշակման գործարան ունենալը։ Երևանի քաղաքապետարանի «Նոր աղբավայր» ընկերության տնօրինությունը վստահ է՝ այն պետք է հենց Նուբարաշենում կառուցել՝ հումքին մոտ։
Ե՞րբ կկառուցվի գործարանը՝ ծրագրի ժամկետը դեռ հստակ չէ։ Ի դեպ, նեխող զանգվածն այստեղ ոչ թե հազար կամ միլիոն տոննայով են չափում, այլ՝ տարիներով․ աղբավայրն ինչ հիմնվել է՝ 60 տարուց ավելի՝ Նուբարաշենի այս մի քանի հեկտարը դարձել է բնապահպանական SOS-կանչող գոտի։
Ներքևում կուտակվող աղբից առաջացող թունավոր ջրերն են ու անարգել մթնոլորտ արտանետվող գազերը։ Վերևում՝ սնվելու եկած սև տուլաշի երամներ, ճայեր ու արագիլներ։