ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ - շտաբի պետ, գնդապետ Արման Գասպարյանը, ՍԶ վետերանների միավորման նախագահ Հովսեփ Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչներ և այլք:
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյուններով և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի կողմից հայտարարված լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի հավերժ հերոսացած սահմանապահների և մյուս հայորդիների:
Արարողության ընթացքում անցկացվեց հանդիսավոր շքերթ, և նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը: Նորակոչիկներն ընթերցեցին զինվորական երդման տեքստն ու սահմանված կարգով ստորագրեցին այն: Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանելու հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի անվտանգությունն ապահովելու համար:
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներ ունեցան բարձրաստիճան զինվորականներ և նորակոչիկների հարազատները:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նրանց մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, հրահանգեց խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը.
«Հարգելի նորակոչիկներ, այսօր ձեր կյանքի ամենակարևոր օրերից մեկն է, քանզի դուք երդվեցիք պատվով և անձնվիրաբար շարունակել մեր հերոսների վեհ գործը, երդվեցիք լինելու երաշխավորը հայրենյաց սահմանների անառիկության, երդվեցիք լինելու կենդանի պատնեշ հայրենիքի և թշնամու միջև»:
Հրամանատարը, դիմելով նորակոչիկների ծնողներին, ցանկություն հայտնեց, որ նրանց որդիները, երկու տարի կատարելով իրենց պարտքը հայրենիքի առաջ, վերադառնան իրենց օջախներ և շենացնեն հայրենիքը.
«Միաժամանակ ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ ձեր զավակները այս երկու տարիների ընթացքում կլինեն մեր հոգածության և հոգատարության ներքո և պատվով ու հպարտությամբ կկրեն սահմանապահի համազգեստը»:
Արարողության ավարտին սահմանապահ զորքերի ներկայացուցիչները հանդիպեցին նորակոչիկների և նրանց ծնողների հետ: