Բարև, ես Խուանն եմ, ես ապրում եմ Հայաստանում:
5 ամիս առաջ Խուանը Բուենոս Այրեսից Հայաստան եկավ, իմացավ «Դեպի Հայք» կամավորական ծրագրի մասին, որի միջոցով արդեն 16 տարի մեր երկիր են այցելում սփյուռքահայ երիտասարդներ, աշխատում են, ոմանք էլ՝ մնում: Խուանն էլ որոշեց վերադառնալ արմատներին և իր գիտելիքներով օգնել հայրենիքին։
Խուան Կիրակոսյան (կամավոր) – 2 ամիս Գյումրիում եմ եղել՝ որպես բիզնես խորհրդատու։ Տեխնոլոգիական կենտրոնի հետ օգնել ենք Գյումրու կին գործարարներին սկսել իրենց բիզնեսը։ Նաև երեխաներին սովորեցրել եմ իսպաներեն և անգլերեն։ Հիմա Երևանում մի կազմակերպության հետ եմ աշխատում, որն օգնում է Արցախյան պատերազմի հետևանքով վիրավոր զինվորներին պրոթեզների ձեռքբերման հարցում։ Ուզում ենք, որ բոլոր հայերի համար պրոթեզավորումն անվճար լինի:
Ասում է՝ Հայաստանում ամենաշատը մարդկանց է սիրել, հայերեն է սովորում, որ անխոչընդոտ շփվի հայրենակիցների հետ։ Հիմա մտածում է մշտական Հայաստան տեղափոխվելու մասին:
Սևան Կաբակյան («Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն) - Մեզ համար կարևոր նպատակ է հետկամավորությունը, դրա մի դրսևորումը Հայաստան տեղափոխվելն ու այստեղ ապրելն է։ Հիմա մեր 2050 մասնակցից մոտավորապես 250-260 ապրում են Հայաստանում։ Վերջին 5-6 տարում Հայաստանի զարգացող տնտեսության պատճառով ավելի ու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում այստեղ մնալու և աշխատելու։
Հիմնադրամը գործում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, սակայն կամավորներ կան նաև Դիլիջանում և Սյունիքում։ Տնօրենի համոզմամբ՝ երիտասարդներն ավելի շատ ցանկանում են աշխատել մարզերում, զարգացնել համայնքային կյանքը։
Լիան է՝ Տորոնտոյից․ նա էլ Խուանի պես կամավորությունը սկսել է Գյումրիից։ Երեխաներին անգլերեն է սովորեցրել։ Պատերազմից հետո մյուս կամավորների հետ օգնել են ռազմական գործողություններից տուժածներին և նրանց ընտանիքներին։ Հիմա աշխատանք է փնտրում, որ մնա ու ապրի Հայաստանում, հուսով է՝ մի օր ընտանիքն էլ կտեղափոխվի այստեղ։
Լիա Տերտերյան (կամավոր) - Սա մեր հայրենիքն է, ես կարող եմ իմ գիտելիքները ծառայեցնել իմ երկրին ու օգնել զարգանալ։ Կարող եմ հեռավար ցանկացած աշխատանք կատարել, բայց ես պետք է այստեղ լինեմ, դա ինձ համար շատ կարևոր է։
Հիմա Լիան աշխատում է վիրավոր զինվորների հետ։ Շաբաթական երկու անգամ այցելում են հիվանդանոց, արտթերապիայի միջոցով օգնում նրանց հաղթահարելու պատերազմի հետևանքները։
Լիա Տերտերյան - Ես, իհարկե, շատ եմ կարոտում Կանադան, բայց այստեղ գալը թարմ օդի էր նման՝ քայլել փողոցներով, լսել հայերեն խոսք․ այս ամենն ինձ ստիպում է ժպտալ։
Թե երբ կգնեն հետադարձ տոմսը՝ ո՛չ Խուանը, ո՛չ Լիան դեռ չգիտեն։