Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին առնչվող քրեական գործ է հարուցվել ՀՔԾ-ում: Այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից:
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ Յոլյանին առնչվող նյութերի հիման վրա:
ՀՀ գլխավոր դատախազությունից այս առնչությամբ 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին հետևյալը. «2021թ. մայիսի 24-ին ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել էր ՀՀ հաշվեքննիչ պալատի բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձի հայտարարագերի և դրանց վերլուծության վերաբերյալ փաստաթղթեր:
ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ փաստաթղթերը քննչական ենթակայության կարգով ուղարկվել էին ՀՔԾ: Այդ նյութերի նախապատրաստման արդյունքում էլ հարուցվել է նշված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան»: