Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Բյուրեղավան խոշորացված համայնք, շրջել Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տարածքում, ծանոթացել կառավարության 2021 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքի, տանիքի ու բակի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս կառավարության 2019-2020 թթ. սուբվենցիոն ծրագրերով: Աշխատանքների երկրորդ փուլով այս պահին իրականացվում է շենքի ներքին հարդարում:
«Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հետ քննարկեցինք աշխատանքների ընթացքը, մատնանաշեցի որոշակի փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնք կդիտարկվեն շինարարների կողմից:
Բյուրեղավան և Նուռնուս բնակավայրերում դիտարկել ենք նաև կառավարության 2021 թ. սուբվենցիոն ծրագրերով իրականացված կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:
Այցիս հաջորդ կանգառը Ջրաբերում էր, որտեղ կառավարության 2021 թ. սուբվենցիոն ծրագրով Կոտայքի՝ կենսական անհրաժեշտության ամենամեծ ծրագրերից մեկն է իրականացվում՝ կառուցվում է խմելու ջրի ներքին բաշխիչ ցանց և օրվա կարգավորիչ ջրամբար: Ծրագրի իրագործումից հետո բնակավայրում խմելու ջրի խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Համակարգը սպասարկելու է բնակավայրի շուրջ 93 տնտեսության: Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:
Կարևորել եմ նշված և մնացած բոլոր ծրագրերի իրականացումը՝ միևնույն ժամանակ հորդորելով խստագույնս ապահովել կատարված աշխատանքների որակ և սահմանված ժամկետների պահպանում»,- գրել է մարզպետը: