Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։
Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սադրիչ և ահաբեկչական քայլ:
«Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով:
Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն»,- ասել է Դավիթ Բաբայանը: