Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին այսօր պաշտոնապես ներկայացվեց որպես ֆրանսիական ՊՍԺ-ի խաղացող։
Մեսսին փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Հելայֆիի հետ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում հանդես է եկել ասուլիսով։ Արգենտինացի հարձակվողը ՊՍԺ-ում կխաղա 30 համարի մարզաշապիկով:
«Բարսայից» հեռանալն իսկապես դժվար էր։ Բայց ես շատ ուրախ եմ միանալ ՊՍԺ-ին։ Ակումբը շատ արագ գործեց և լուրջ բանակցություններ է սկսել իմ հեռանալու հայտարարությունից անմիջապես հետո, որը «Բարսելոնան» հրապարակել էր հինգշաբթի: Հեռանալուց առաջ ես «Բարսայի» երկրպագուներին ասել էի, որ միշտ երախտապարտ կլինեմ նրանց սիրո համար։ Նրանք գիտեին, որ պայմանագիր կկնքեմ ուժեղ ակումբի հետ։ Քանի որ ես բնավորությամբ հաղթող եմ»,- ասել է Լիոնել Մեսսին:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում 17 տարի հանդես գալուց հետո հեռացավ այնտեղից: Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։
Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Բարսելոնայի» կազմում նվաճել է 35 տիտղոս և 6 անգալ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։
Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նա հանդես է գալու ֆրանսիական ՊՍԺ ակումբում. Մեսսին երկամյա պայմանագիր է կնքել: Ֆուտբոլիստը ՊՍԺ-ում տարեկան վաստակելու է 35 մլն եվրո աշխատավարձ՝ գումարած բոնուսները: