Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել երեկ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ):
Ղուկասյանն իր պաշտոնավարման ժամանակահատվածում Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ, կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի աճուրդ-վաճառք է կազմակերպել և օտարել դրանք։ Երբեմն էլ, լինելով աճուրդային հանձնաժողովի նախագահ, անձամբ մասնակցել է հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող՝ հողամասեր է օտարել ինքն իրեն։
Խոսքը, մասնավորապես, Գյումրու Քաղաքային զբոսայգու առանձին տարածքների, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերի, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասի, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փող. մի քանի հողամասերի, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերի, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասի, Գյումրու Տեքստիլ ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածի, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինության մասին է:
Գործով Ղուկասյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նա հարցաքննվել է։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հեռախոսով փոխանցեց, որ գործին ամբողջ ծավալով դեռ ծանոթ չեն, ծանոթանում են, հետո գնահատական կտան։
Փաստաբանն ասաց, որ ինքն ու վստահորդը չեն ընդունում մեղադրանքը, այն համարում են շինծու։ Գործին ամբողջությամբ ծանոթանալուց հետո հայտարարություն կանեն լրատվամիջոցների համար։