Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին:
«Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին: Երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։ Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն:
Մեր երկրների միջև առկա ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ:
Հայ-ուրուգվայական փոխգործակցությանը մեծապես նպաստում են Ուրուգվայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ու անգնահատելի ավանդն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: