«Շիրակ» օդանավակայանի վազքուղու ամբողջական նորոգման շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 15-ից, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը։ 3220 մ երկարությամբ և 45 մ լայնությամբ վազքուղին նորոգվել էր 14 տարի առաջ։
Աշոտ Միրզոյան («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տեխնիկական տնօրեն) - 14 տարի շահագործումից հետո բազմաթիվ ճաքեր էին առաջացել վազքուղու վրա:
Տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է օդանավակայանը, հատուկ ստուգվում է ասֆալտի որակը։
Աշոտ Միրզոյան - Ասֆալտի որակը վերահսկվում է լաբորատորիաներով, արտասահմանից մասնագետներ են վերահսկում ասֆալտի խառնուրդը գործարանում:
Վազքուղին սպասարկելու է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օդանավեր: 1963 թ. կառուցված, իսկ հետագայում պարզապես շերտերով ավելացված վազքուղու կառուցման համար «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ներդրել է 6 մլն դոլար։ Զուգահեռ կառուցվում է նոր ժամանման սրահ 870 քմ մակերեսով։ Այն գործողից երկու անգամ մեծ է։ Նոր ժամանման սրահը ժամում մեկ չվերթ սպասարկելու հնարավորություն կունենա:
Սևակ Տահմասյան («Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ենթակառուցվածքների բաժնի շինարարության ղեկավար) - Փաստացի հիմա սպասարկում ենք Գյումրիում 250 հազար ուղևոր, կսպասարկենք մինչև 700 հազար ուղևոր տարեկան:
Նոր սրահը ևս կշահագործվի սեպտեմբերի 1-ից, կվերացվեն ուղևորների համար առաջացող դժվարությունները։
Ժամանման սրահի կառուցման համար ներդրումը 1,5 մլն դոլար է։ «Շիրակ» օդանավակայանի զարգացման հեռանկարային այլ ծրագրեր ևս կան, որոնք դեռ քննարկման փուլում են: