Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում են ահազանգեր այն մասին, որ ադրբեջանցի զինծառայողները կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում:
«Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինի քաղաքացիական բնակչության համար՝ ահաբեկելու նպատակով: Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ:
Նման ահազանգեր ստանում ենք 2020 թ. դեկտեմբերից սկսած:
Խոսքը այն գյուղերի մասին է, որոնց անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավունքի պահանջների կոպիտ խախտումներով տեղակայվել են պատերազմից հետո ու հատկապես 2021 թ. մայիսի 12-13-ի ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժումներից հետո:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից նշված ահազանգերի ուսումնասիրությունները վկայում են, որ ադրբեջանական կրակոցները դադարում են ՀՀ զինված ուժերի՝ բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ գործողություններից հետո»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը: