ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի զղջում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշման համար: Նրա խոսքով՝ տեղական անվտանգության ուժերն այժմ ինքնուրույն պետք է պայքարեն իրենց երկրի համար: Այդ գործընթացում ԱՄՆ դերակատարումը այսուհետ սահմանափակվելու է միայն օդից աջակցությամբ:
Բայդենի խոսքով՝ 20 տարում ԱՄՆ-ն Աֆղանստանի առաքելության համար ծախսել է ավելի քան մեկ տրիլիոն դոլար և ուսուցանել ու զինել է ավելի քան 300 հազար աֆղանստանցի զինծառայողի:
Աֆղանստանից ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետևանքով կառավարական ուժերը էականորեն թուլացել են, և, ըստ տարբեր աղբյուրների, «Թալիբան» շարժմանը հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի շուրջ 65%-ի նկատմամբ: