«Սերգեյ Փարաջանով. «Ինտերմեցցո»» նորատիպ գիրքը մեկն է այն նախագծի նորույթներից, որը կինոգետ, սցենարիստ և ռեժիսոր Գարեգին Զաքոյանն իրականացնում է «Անտարես» հրատարակչության հետ:
«Ինտերմեցցոյին» նախորդել էր «Փարաջանով. նամակներ աքսորավայրից» աշխատության վերահրատարակությունը: Այժմ հրատարակչական այս նախագիծը ներկայացնում է Փարաջանովի ամենահետաքրքիր սցենարներից մեկը, որը ստեղծվել է ուկրաինական գրականության դասական Միխայիլ Կոցյուբինսկիի գրականության հենքի վրա:
Գիրքը ոչ միայն ներկայացնում է փարաջանովյան անտիպ սցենարը, այլև նրա ճակատագրի հետ կապված եզակի արխիվային փաստաթղթեր, օրինակ՝ գեղարվեստական խորհրդի քննարկման արձանագրությունները կամ Փարաջանովի՝ Մինսկում՝ երիտասարդական հավաքի ժամանակ, ունեցած հայտնի ելույթը, որից հետո ռեժիսորը հայտնվեց ԿԳԲ-ի սևեռուն ուշադրության կենտրոնում:
Կոցյուբինսկին Փարաջանովի նախընտրած հեղինակներից էր. «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից տարիներ անց նա կրկին անդրադարձավ գրողի ստեղծագործությանը:
Ըստ կինոգետի՝ այս սցենարը եվրոպական թեմատիկային անդրադառնալու Փարաջանովի փորձերից մեկն էր. այդ միտումն ուրվագծվում էր նրա ոչ միայն ֆիլմերում, այլև կոլաժներում:
Անդրադառնալով Փարաջանովի մեկ տասնյակից ավելի չհրապարակված սցենարներին՝ Գարեգին Զաքոյանը փաստում է՝ այս նախագծով փորձելու են հանրայնացնել կինոյի հրաշագործի ժառանգության անհայտ էջերը:
Այս շարքի հաջորդ հրատարակության գաղտնիքը դեռ չեն բացահայտում, բայց երաշխավորում են՝ մեծ անակնկալ է լինելու: