Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա: Նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանը և չհարձակվել հարակից տարածքների վրա:
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Աֆղանստանի ամենակարևոր կենտրոններից մեկը համարվող Կունդուզ բնակավայրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար «ուղղակի ագրեսիայի դեպքում»:
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Շոյգուի խոսքով՝ տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղելու հնարավոր սադրանքները: