Ալժիրի մի քանի շրջաններում մոլեգնող հրդեհները խլել են առնվազն 65 մարդու կյանք, այդ թվում՝ 28 զինվորականի: 12 մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երկրում հայտարարվել է եռօրյա սուգ: Ալժիրի հյուսիսային 18 շրջանում առկա է հրդեհի մոտ 70 օջախ: Կառավարությունը նշել է, որ շոգ եղանակային պայմաններում հրդեհների պատճառ է դարձել «մարդկային հանցավոր գործոնը»: Արդեն հայտարարվել է 4 ձեռբակալվածների մասին: Ըստ օդերևութաբանների՝ մինչև 46C հասնող արտակարգ շոգ եղանակը կպահպանվի ևս մի քանի օր:
*****
Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները: Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է մարել Գաբալայի շրջանի Թիքանլը գյուղի մոտ բռնկված հրդեհը, սակայն՝ ապարդյուն: Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում է բարդ լեռնային ռելիեֆը: Կրակի դեմ պայքարում ներգրավվել են քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմը և Ադրբեջանի ԱԻՆ ուղղաթիռ: Ավելի վաղ հրդեհներ էին բռնկվել Լենքորանի և Յարդիմլիի շրջաններում:
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-ին և 10-ին հրավիրել է Ժողովրդավարական պետությունների ղեկավարների գագաթաժողով: Այն ուղղված է ժողովրդավարական համակարգերի ամրապնդմանը և ժամանակակից մարտահրավերների հաղթահարման հարցում նրանց կարողությունների բացահայտմանը: Վիրտուալ գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին և 10-ին, կխթանի ժողովրդավար առաջնորդների պարտավորություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական ուղղություններով՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, պայքար կոռուպցիայի դեմ և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Մեկ տարի խորհրդակցությունից, համակարգումից և գործողություններից հետո նախագահ Բայդենը կնախաձեռնի ևս մեկ հավաք, որպեսզի տարբեր առաջնորդներ ներկայացնեն իրենց հանձնառությունների շրջանակներում արձանագրված առաջընթացը: «Երկու գագաթնաժողովներն էլ կհամախմբեն պետությունների, քաղաքացիական հասարակության, բարեգործական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ղեկավարներին՝ համաշխարհային առաջնորդներին հնարավորություն տալով լսել միմյանց և իրենց քաղաքացիներին, կիսել հաջողությունները, խթանել միջազգային համագործակցությունը և ազնվորեն խոսել իրենց մարտահրավերների մասին»,- ասված է հայտարարության մեջ:
*****
Վերջին մեկ շաբաթվա տվյալներով՝ Վրաստանն աշխարհում առաջին տեղում է 100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի տարածման դինամիկայով: Ըստ New York Times-ի ինտերակտիվ քարտեզի՝ Վրաստանում վերջին շաբաթվա ընթացքում օրական արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության միջինը 3758 դեպք, ինչը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 101 նոր դեպք: Վերջին շաբաթվա ընթացքում այդ ցուցանիշը վատագույնն է ողջ աշխարհում: Վրաստանին հաջորդում են Մեն կղզին, Ֆիջին, ապա Կուբան: Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ավելացել է 68 տոկոսով: 100 հազար բնակչի հաշվով՝ կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Վրաստանը չորրորդ հորիզոնականում է աշխարհում:
*****
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանում՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ սահմանների վրա: Նա ասել է, որ թալիբները խոստացել են չանցնել սահմանը և չհարձակվել հարակից տարածքների վրա: Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի համատեղ վարժանքներ անցկացնել: Նա հիշեցրել է, որ օրերս թալիբները գրավել են Աֆղանստանի ամենակարևոր կենտրոնների մեկը համարվող Կունդուզ բնակավայրը: Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող բազաները կօգտագործի ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու համար՝ «ուղղակի ագրեսիայի դեպքում»: Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ երկրներին անհրաժեշտ է Աֆղանստանի ուղղությամբ Ռուսաստանի օգնությունը: Շոյգուի խոսքով՝ տվյալ դեպքում հարցը վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը: Պաշտպանության նախարարության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պատրաստ լինեն հետ մղել հնարավոր սադրանքները: