2021 թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 09:20-ին, ոստիկանության ԵՔՎ Շենգավիթի բաժին ինքնակամ ներկայացել է Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ և հայտարարել, որ շենքի շքամուտքում կենցաղային դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել իր նախկին կնոջը: Նույն օրը՝ ժամը 09:25-ին, հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտ կին է ընկած:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և շենքի շքամուտքի աստիճանավանդակին հայտնաբերել կնոջ դի՝ կրծքավանդակի ձախակողմյան, ձախ ուսագլխի, կոկորդի, ստորին շրթունքի և բերանի խոռոչի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու հայտարարության մեջ նշված և շքամուտքում հայտնաբերված կինը հանդիսանում են նույն անձը՝ Երևան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1987 թ.:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 33-ամյա տղամարդը, նախկինում ծագած կենցաղային բնույթի հարցերի շուրջ առկա խնդիրների պատճառով, նախկին կնոջն սպանելու դիտավորությամբ, իր հետ վերցնելով կենցաղային օգտագործման դանակ, գնացել է վերջինիս բնակության վայր, շենքի շքամուտքում սպասել է, իսկ երբ կինը դուրս է եկել տանից, իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից կինը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կենցաղային դանակ՝ արնանման հետքերով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նախկին կնոջ սպանության կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: