Օգոստոսի 10-ին պատգամավորները շարունակեցին քննարկել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրեց Էդուարդ Աղաջանյանի թեկնածությունը:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին:
Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար:
Ըստ թեկնածուի՝ հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն հարցեր, որոնց լուծումը հնարավոր է միայն պետության ներքին դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում:
«Հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային ու պետական շահը»,- ընդգծեց Աղաջանյանը:
Թեկնածուի ընտրությունը տեղի կունենա մյուս հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումից հետո: