ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանն այսօր շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:
Ըստ Դոնթի բանաձևի՝ ԱԺ 9 հանձնաժողովների նախագահներին առաջադրելու է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ին՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրեց հանձնաժողովների նախագահների իրենց խմբակցության առաջադրած թեկնածությունները:
Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Գևորգ Պապոյանին:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը: