Առաջին հայացքից վառելափայտը, պարզվեց՝ շինանյութ է: Կոտայքում, Տավուշում, նաև մայրաքաղաք Երևանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը փայտանյութի ապօրինի տեղափոխման մի քանի դեպք է բացահայտել:
Միքայել Սանթրոսյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բուսական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Թբիլիսյան խճուղում կանգնեցվել է «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի բեռնախցիկի սկզբնամասում եղել է վառելափայտ, հետնամասում՝ շինափայտ, մեքենան տեղափոխվել է Արաբկիրի ոստիկանություն:
Մեկ այլ դեպք էլ բնապահպանության տեսուչները Դիլիջանի ոլորաններում են հայտնաբերել:
Վարորդը ներկայացրել է վառելափայտի փաստաթղթեր, բայց քողարկված շինափայտ-տախտակ է տեղափոխել: Միայն այս շաբաթ մոտ 50 խմ փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպք է բացահայտվել:
Միքայել Սանթրոսյան - Փայտանյութի ձեռքբերման օրինականությունը պարզելու համար մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք:
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ
Դեռ որսի սեզոնը չբացված՝ օգոստոսի 5-10-ը տեսուչները որսագողության 3 դեպք են բացահայտել Կոտայքի մարզում:
Արմեն Արաբյան (Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Երեք դեպքով առգրավվել է հինգ որսորդական հրացան, որսացել էին նապաստակ և 11 հատ լոր: Վարչական վարույթ է հարուցվել, գործերը կուղարկվեն ոստիկանություն:
Այսպես՝ վերևից ներքում տեղի ունեցողը բնապահպան տեսուչների վերազինված խոշորացույցի տակ է: Մեկ ամիս առաջ էլ Վայոց ձորում բեզոարյան այծի որսի ապօրինի դեպք են բացահայտել: Տարվա ընթացքում առգրավվել է 23 որսորդական հրացան:
Արմեն Արաբյան - Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Տեսչական մարմինը որսորդներին հորդորում է հարգել բնության ու բնապահպանության օրենքները, որսի արգելված սեզոնում որս չանել, հակառակ դեպքում զգուշացնում են՝ որսագողերը պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: