Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայում ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս Արմեն Գևորգյանը չէր ներկայացել: Պատճառաբանությունը նույնն է՝ պատգամավորը Ազգային ժողովում նիստի է:
Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև տեղեկացրել է, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, և այժմ ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել է դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ամբաստանյալի բացակայությունն անհարգելի է համարել և որոշել հաջորդ նիստին բերման ենթարկել Արմեն Գևորգյանին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին: