Ուսումնական տարվա մեկնարկին ուսուցիչներին, դասախոսներին, կրթության ոլորտի աշխատակիցներին պատվաստումը չի պարտադրվի, բայց հնարավոր է՝ նոր կարգավորումներով: Եթե պատվաստված չլինեն, ստիպված կլինեն երկու շաբաթը մեկ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնել: Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների նախագիծ է մշակել, որն առայժմ հաստատված չէ, կառավարություն չի ներկայացվել, բայց այդ ճանապարհին է. նախագիծը քննարկվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,և այլ կառույցների հետ:
Սվետլանա Գրիգորյան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ - Բոլոր գերատեսչությունները համատեղ աշխատում են, որպեսզի կարողանանք հնարավորինս կարծիքներ լսել, ամփոփել և արդեն ավելի համակողմանի նախագիծ ունենալ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանում են, որ սա արվում է համավարակի տարածման շղթան կոտրելու համար: Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կորոնավիրուսի համավարակի 4-րդ ալիքն է մոլեգնում: Նոր սահմանափակումների նախագիծը քննարկելիս կրթական գերատեսչությունը դեմ է արտահայտվել ուսումնական գործընթացը հեռավար անցկացնելուն: Առողջապահության նախարարությունն էլ առաջարկում է՝ այլընտրանքը պատվաստվելն է կամ պարբերաբար թեստավորվելը:
Ստալ Սարդարյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար - Ես ինքս պատվաստվել եմ, որևէ մեկն ինձ չի պարտադրել: Եթե ուզում ենք և բարձր ենք գնահատում դպրոցներում ուսումնական պրոցեսի բնականոն աշխատանքը, ապա դա կարելի է ապահովել միայն պատվաստումների միջոցով:
Ի դեպ, ուսուցիչներն ու դասախոսները ռիսկի այն խմբերում էին, որոնք դեռևս սուղ պայմաններում, երբ պատվաստանյութը ոչ բոլորին էր հասանելի, իրավունք ունեին պատվաստվել: Իսկ հնարավոր նոր սահմանափակումների նախագիծը միայն կրթական համակարգի աշխատողներին չի վերաբերում:
Սվետլանա Գրիգորյան - Դրանք կլինեն պետական կառույցներ, թե մասնավոր՝ կազմակերության աշխատակիցները կա՛մ պարբերաբար պետք է անցնեն ՊՇՌ հետազոտություն, ունենան բացասական արդյունք, ներկայացնեն և շարունակեն աշխատել, կա՛մ պատվաստվեն: Եթե մարդը գնում է աշխատանքի, համոզված լինի, որ աշխատավարում չի վարակվի, ինքն էլ վարակի աղբյուր չի հանդիսանա:
Հայաստանում մշակվող այս նախագիծն ամենամեղմերից է՝ ասում է մասնագետը: Եվրոպական որոշ երկրներ է հիշատակում, որտեղ, ասում է, չպատվաստվելու դեպքում աշխատանքից հեռացում է նախատեսված: Հայաստանն առայժմ այսպիսի խիստ սահմանափակումների չի գնում: Հույսը դրել է հասարակության սոցիալական պատասխանատվության բարձրացման վրա: Ի դեպ, քիչ չեն ուսուցիչները, որոնք ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առանց որևէ հորդորի կամ պահանջի, շտապում են վարակի կանխարգելման գործում իրենց ներդրումն ունենալ:
Հռիփսիմե Հարությունյան, մաթեմատիկայի ուսուցչուհի - Դրանով կխուսափենք դժվարություններից և համաճարակի հետ միասին կկարողանանք քայլել:
Մաթեմատիկայի ուսուցչուհին վստահ է՝ հեռավար ուսուցումը չի տալու այն գիտելիքները, որոնք առկա ուսուցման ժամանակ են ստանում:
Հռիփսիմե Հարությունյան - Ուստի ավելի լավ կլինի, որ պատվաստվենք, պատրաստ լինենք և դասերն առկա ուսուցմամբ անցկացնենք:
Իր գործընկերների մեծ մասն արդեն պատվաստված է՝ ասում է Հռիփսիմե Հարությունյանը: Իրենց պատասխանատվությունը հատկապես մեծ է. ամեն դպրոցում հարյուրավոր աշակերտների անվտանգություն նաև ուսուցիչներից է կախված: Վարակն արդեն սկսում է ծանր ընթանալ նաև երեխաների մոտ: