ԱՄՆ-Ը ՉՊԵՏՔ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ. ՇԻՖ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆը խիստ մտահոգված է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմից հետո հայ ժողովրդին սպառնացող շարունակական վտանգներով և մասնավորապես այն փաստով, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալ և հարձակումներ գործել Հայաստանի վրա:
Կոնգրեսականն ասել է, որ անթույլատրելի է Միացյալ Նահանգների կողմից սպառազինության մատակարարումը մի երկրի, որը պարբերաբար ուժ է գործադրում իր հարևանի նկատմամբ: Այդ պատճառով էլ Կոնգրեսի ստորին պալատն ընդունել է Փալոունի ուղղումը, որը, կոնգրեսական Շիֆի խոսքով, պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ ԱՄՆ-ը աչք չի փակելու Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ ուժ գործադրելու վրա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձի մասին Ադամ Շիֆն ասել է, որ նախագահ Բայդենի որոշումը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին պատմական իրադարձություն էր իր հազարավոր ամերիկահայ ընտրողների, նրանց ընտանիքների և ամբողջ երկրի հայության համար, որոնք աշխատում, քարոզում, պայքարում և աղոթում էին ճանաչման համար: «Ես շատ ոգևորված էի նրանից, որ այդ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ դեռևս կան ցեղասպանությունից փրկվածներ, որոնք ողջ են և կարող են վկայություն տալ»,- ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը:
Ադամ Շիֆ
ԱՄՆ Կոնգրեսի անդամ
«Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է հետամուտ լինենք Հայաստանում ժողովրդավարության հետագա ամրապնդմանն ու աջակցությանը: Ահա թե ինչու ես հպարտությամբ միացա իմ գործընկերների նախաձեռնությանը՝ առաջարկելով վերջերս ընդունված Փալոունի ուղղումը, որը պատասխանատվության է ենթարկում Ալիևի ռեժիմին՝ ցույց տալով, որ Ամերիկան աչք չի փակելու այն բանի վրա, որ Ադրբեջանը բռնություն է գործադրում Հայաստանի և Արցախի նկատմամբ»:
ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆԸ ՀԻՎԱՆԴ
Կաբարդինո-Բալկարիայից 3 տոննա թթվածին է բերվել Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոց, որտեղ նախօրեին թթվածնային կայանի վթարի պատճառով մահացել էր ինը պացիենտ: Այս մասին տեղեկացնում են Հյուսիսային Օսիայի աղբյուրները: Երկուշաբթի Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոցի թթվածնային կայանում վթար էր տեղի ունեցել: Հողի տակ խողովակ է պայթել: Վթարի հետևանքով մահացել էր 47-85 տարեկան ինը պացիենտ: Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
ՌԴ-Ն ԵՎ ՉԺՀ-Ն ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Ռուսաստանի ու Չինաստանի երկկողմ հարաբերությունների խորացման ֆոնին՝ երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում Չինաստանի հյուսիսարևմտյան շրջանում: Զորավարժությունների մեջ ներառված են ցամաքային և օդային վարժանքները, որոնք անցկացվում են Աֆղանստանի հետ սահմանին մոտ: Ռուսաստանն ու Չինաստանը դաշնակցում են քաղաքական և ռազմական ոլորտներում՝ հակադրվելով Միացյալ Նահանգներին ու այդ երկրի դաշնակիցներին: