Շուրջպարի մասնակիցները 44-օրյա պատերազմում զոհվածների և սահմանամերձ գյուղերի պատանիներն են, որ հանգստանում են Վայոց ձորի Եղեգիս համայնքի «Սիրանույշ» ճամբարում: Այն ստեղծվել է Արցախյան առաջին պատերազմի նահատակների ընտանիքներին աջակցության նպատակով՝ Վայոց ձորի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ: 30 տարվա ընթացքում, ցավոք, այս ծրագիրն արդիականությունը չկորցրեց և նույն նպատակին ծառայեց նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմների ընթացքում: Վերջին պատերազմի օրերին այստեղ ապաստան էր գտել Հադրութից և Շուշիից տեղահանված 200 արցախցի:
Այս պահին ճամբարում հանգստանում և հետպատերազմական սթրեսն է հաղթահարում 60 երեխա: Օրվա գրաֆիկը գերհագեցած է՝ մասնակցում են թիմային աշխատանքի, առաջնորդության, հաղորդակցության դասընթացների, ինչպես նաև երգի, պարի, լրագրության և թատերական խմբակների: Երեխաների հետ ամեն օր աշխատում են հոգեբանները: Ընդամենը երրորդ օրն է, որ ճամբարում են, և արդեն գերիշխող է վերելքի տրամադրությունը:
Երեխաների հետ աշխատում են սփյուռքահայ կամավորները, որոնք ձեռնունայն չեն եկել հայրենիք: Ասում են՝ երջանիկ են, որ նրանք այսքան արագ են հաղթահարում սթրեսը:
Այժմ ճամբարում աշխատում է նաև Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժների հիմնած ատամնաբուժական կլինիկան: Շարժական ատամնաբուժարանը սպասարկում է ոչ միայն ճամբարականներին, այլև շրջում է սահմանամերձ գյուղերում:
Ճամբարը շարունակելու է երեխաներին բնականոն կյանք վերադարձնելու իր առաքելությունը և պատրաստ է աջակցելու նրանց՝ որքան կպահանջվի: