Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից անտառային հրդեհների դեմ պայքարը ձախողելու համար: «Մենք կարող էինք անել ամեն հնարավորը, սակայն որոշ դեպքերում դա բավարար չէր: Ես լիովին հասկանում եմ մեր երիտասարդ քաղաքացիների ցավը, երբ նրանք տեսնում են, թե ինչպես է նրանց ունեցվածքն այրվում»,- հայտարարել է Հունաստանի կառավարության ղեկավարը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ: Բնական աղետի պատճառով տարհանվել են հազարավոր բնակիչներ: Կրակն ավերել է տասնյակ կառույցներ: Հունաստանի վարչապետի խոսքով՝ երկրում գրանցված բնական աղետն աննախադեպ է: Կիրիակոս Միցոտակիսն անտառային հրդեհների պատճառ է համարում կլիմայական փոփոխությունները:
***
Սիբիրում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Կրակի կլանած տարածքը հասել է Հունաստանի տարածքի չափին: Ամենաշատը տուժել է Սախա-Յակուտիան, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն: ՆԱՍԱ-ի տվյալով՝ Սախայի անտառային հրդեհներից առաջացած ծուխը ծածկել է 5.3 քառակուսի կմ տարածք: Ծուխը, պատմության մեջ առաջին անգամ, արդեն հասել է Հյուսիսային բևեռ: Մասնագետները Ռուսաստանի հրդեհների հիմնական պատճառ են համարում կլիմայի փոփոխությունը, հրդեհային անվտանգության կանոնների անտեսումը:
***
Անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել նաև Հարավային Ամերիկան: Բոլիվիայի արևելքը հայտնվել է կրակի գոտում: Վտանգավոր գոտում են հայտնվել հարուստ կենդանական և բուսական աշխարհ ունեցող տարածքներ: Միևնույն տարածքները մեծապես տուժել էին նաև երկու տարի առաջ տեղի ունեցած հրդեհից: Հրշեջները և այլ կառույցների մասնագետներն անհաջող փորձեր են կատարում քամու պատճառով անվերահսկելի դարձած հրդեհը մարելու համար: Կառավարությունը հայտնել է նաև զինված ուժերին ներգրավելու պատրաստակամության մասին: Հրդեհների մարմանն արդեն ներգրավվել են ուղղաթիռներ:
***
Բնական աղետը կլանել է նաև Պերուի Կուսկո պատմական նահանգը: Այնտեղ նույնպես մարմանը խոչընդոտում է ուժեղ քամին: Որոշ հատվածներում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև օդուժը: Տեղի իշխանության տվյալով՝ ինկերի պատմական մայրաքաղաք Մաչու Պիկչուին առայժմ վտանգ չի սպառնում: