Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում համարում են, որ հայ-ադրբեջանական սահմանի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար քաղաքական և դիվանագիտական հնարավորությունները սպառված չեն, արձագանքելով «Լուրերի» հարցին՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա համոզված է, որ այդ ճանապարհը լավագույն լուծումը կլինի բոլոր կողմերի համար:
Ստանիսլավ Զաս (ՀԱՊԿ գլխավոր քարտուղար) - Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, պետք է դրական ազդեցություն ունենա: Իհարկե մենք խորապես մտահոգված ենք, որ վերջին շրջանում ընդլայնվում է սահմանային բախումների աշխարհագրությունը, և մեծանում է պարբերականությունը: Դա ևս անհանգստացնում է ու չի նպաստում աշխատանքների մեկնարկին և, ընդհանուր առմամբ, բարդացնում է այն պարտավորությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության դադարեցմանը և այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Ակնկալում ենք, որ բոլոր կողմերը դա պետք է հասկանան և կենտրոնանան այդ տարաձայնությունների քաղաքական և դիվանագիտական լուծման վրա:
Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է պարունակում Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության համար, հայտարարեց Զասը: Կառույցում մշտապես հետևում և սահմանային իրավիճակի մշտադիտարկում են իրականացնում, առաջին հերթին՝ հայ գործընկերների միջոցով:
Երեկ Ստանիսլավ Զասին ընդունել էր Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, հայտարարել՝ Երևանի համբերությունը անսպառ չէ, և հայկական կողմն իրավունք է վերապահում իրավիճակը հանգուցալուծել ուժի կիրառմամբ:
Պաշտպանության նախարարը նաև ափսոսանք էր հայտնել, որ ՀԱՊԿ-ում որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին:
Արշակ Կարապետյանը Զասին էր ներկայացրել նաև կառույցում Հայաստանի սպասվող նախագահության հայեցակարգային մոտեցումները: Ստանիսլավ Զասն այսօր հայտարարեց, որ մեծ սպասելիքներ ունի Հայաստանի նախագահությունից, քանի որ Երևանը մշտապես գործնական քայլերով է ապացուցել հետաքրքրվածությունը զարգացնել ՀԱՊԿ-ը:
Ստանիսլավ Զաս - Մենք հույս ունենք, որ Հայաստանի նախագահության ժամանակահատվածում քայլեր կձեռնարկվեն՝ կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով ի հայտ եկող մարտահրավերների՝ օպերատիվ արձագանքման մակարդակի բարձրացման առումով:
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն այցելեց նաև Արարատի մարզում տեղակայված զորամաս, ծանոթացավ պայմաններին: