Երեկվանից Սևանա լճում հատուկ հերթապահություն է իրականացվում: «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը համատեղ հատուկ միջոցառումներ են իրականացնում՝ մանրաձկան ապօրինի որսով զբաղվողների ցանցերը լճից դուրս բերելու և ոչնչացնելու ուղղությամբ:
Կարեն Մնացականյան, «Սևան» ազգային պարկի փոխտնօրեն - Երեկ մեր պահպանության ծառայությունը 14 որսացանց է հանել լճից, որոնք տարվել են մեր պահեստ և ոչնչացվել:
Հատուկ հերթապահության համար միակ խոչընդոտն ալեկոծություն է: Որոշ ժամերի նավարկելը վտանգավոր է դառնում:
Կարեն Մնացականյան - Ալիք է, չենք կարողանում լիճ դուրս գալ: Հենց խաղաղվի, շարունակելու ենք միջոցառումը, գնալու ենք դեպի Նորատուսի կողմը:
Թեև հատուկ հերթապահության համար 3 օր է սահմանվել՝ օգոստոսի 9-11-ը, սակայն միջոցառումները կարող են ևս մի քանի օր պահանջել՝ չթույլատրվող չափերով որսացանցերն ամբողջությամբ դուրս բերելու համար:
Կարեն Մնացականյան - 40 մմ-ից ներքև ցանցերը. չեն թույլատրվում: Սևանա լճում արդյունագործական որսի համար ցանցերը պետք է լինեն 40-ից ոչ ներքև:
Պողոս Մարտիրոսյան, «Սևան» ազգային պարկի արագ արձագանքման բաժնի ղեկավար - Ապօրինի ձկնորսության, առավել ևս՝ մանրաձկան որսի դեմ անզիջում պայքարելու ենք: Հանդիպումներ են եղել, բացատրական աշխատանքներ են տարվել, որ մանրաձուկ չորսան: Այնուամենայնիվ, ինչպես տեսաք, ապօրինություններ կատարվում են: Պետք է այնքան ժամանակ աշխատենք, մինչև դրանք բացառվեն:
Հատուկ հերթապահությունն իրականացվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ: Սեպտեմբերի 1-ից որսաշրջանի երկրորդ փուլն ավարտվում է: Նորի մեկնարկը որոշելու է կառավարությունը: