Շիրակի մարզի դատախազության ակտիվ և նախաձեռնողական դատավարական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վ. Ղ.-ն, պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանովի, Ռուսթավելու, Սայաթ-Նովայի, Գարեգին Նժդեհի փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճուղու 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծի 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փողոցի մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղամասի 11/11 հողամասին, «Գյումրու տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը:
Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը:
Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021 թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ) (պաշտոնեական կեղծիք):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: