«Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելեցինք Արցախի Դահրավ գյուղ՝ ծանոթանալու «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում կառուցվող նոր բնակավայրի շինարարական աշխատանքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Նոր գյուղում կբնակվեն և Արցախը նորից կապրեցնեն 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։
Շրջայցի ժամանակ հյուրընկալվեցինք նաև Խնածախ համայնք՝ Պետրոսովների ընտանիքի «Ավրորան՝ Արցախին» նախագծի շրջանակում նոր կառուցված հացաբուլկեղենի արտադրամաս, այցելեցինք Ստեփանակերտի Ուշուի ֆեդերացիա և «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն», որտեղ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության օժանդակությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել։
Շուտով կենտրոնը կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով և տեխնիկայով հագեցած սենյակներով։
Արցախը մենակ չէ։ Արցախը նոր շնչով պիտի ապրի։ Արցախը բոլորիս կարիքն ունի, ճիշտ այնպես, ինչպես և մենք` իրենը»,- գրել է Թանդիլյանը։