Դանակի 11 հարվածից հետո ավագանու անդամ Արման Անտոնյանը գիտակցության է եկել. Երևանի ավագանու արտահերթ նիստին հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Օգոստոսի 1-ին՝ կեսգիշերի,ն դիմակավորված մի քանի անձ մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի՝ Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի ենթարկել և դանակահարել նրան։
Անտոնյանը գտնվում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում: Քաղաքապետի խոսքով՝ հարձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով: Մարությանն իրավապահ համակարգից պահանջել է խստագույն պատիժ:
«Ուզում եմ ուրախալի լուր ասել. երեկ արդեն տեղափոխել են նրան պալատ: Ամեն ինչ նորմալ է ընթանում, դինամիկան դրական է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Ակնկալում եմ թե՛ իրավապահ մարմիններից, թե՛ դատական համակարգից խստագույն պատիժ նմանօրինակ և նման կերպով իրենց անձնական գործերն առաջ տանող անձանց նկատմամբ»,- ասաց Մարությանը:
«Կարծում եմ, որ իրավապահների և դատական համակարգի գնահատականներից զատ քաղաքային իշխանությունները պետք է իրենց վերաբերմունքը ցուցաբերեն կատարվածի նկատմամբ և ուսումնասիրություններ սկսեն կասկածելի շրջանակների նկատմամբ, և եթե պարզվի՝ այդ շրջանակներն այլ տեսակի գործարքներ ունեն Երևանի քաղաքապետարանի հետ, վերհանվեն, ուսումնասիրվեն»,- ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը: