Հայաստանի մարզերում մոտենում է բերքահավաքի թեժ շրջանը։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, ինչպես նաև 5-10 տոկոսի չափով համայնքների միջոցներով վերջին շրջանում մեր երկիր է ներմուծվել 540 միլիոն 725 հազար դրամի գյուղատնտեսական տեխնիկա և գյուղսարքավորում, և ըստ Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամ ներկայացված հայտերի` բաշխվել 13 միավորված համայնքներում։
Այսպիսով, 13 համայնքի 30-ից ավելի գյուղական բնակավայրերում բերքահավաքն իրականացվում է նոր գյուղատնտեսական տեխնիկայով։ Համայնքներից ստացվող տվյալների համաձայն` սա հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել անկորուստ, առավել արդյունավետ և, որ ոչ պակաս կարևոր է՝ արագ։
Կարևոր արդյունքներից է նաև մշակվող հողատարածքների զգալի ավելացումը։ Սրանք, սակայն, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ամբողջական տվյալները չեն։ ՍՆՏԶ երկրորդ բաղադրիչում ընդգրկված խոշորացված համայնքների թիվը 29 է, ընդհանուր ներդրումը կազմել է 4.317.176.880 դրամ, որով հնարավոր է եղել համայնքներին ապահովել ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ կոմունալ սպասարկման տեխնիկայով և սարքավորումներով։
Արդյունքում` էապես բարելավվել են համայնքների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և քանակը: