Թուրք հնագետները վերսկսել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վայր համարվող Անիի ավերակների պեղումները: Այս տարի աշխատանքներն ընթանում են չորս տարբեր հատվածներում: Պեղումների արդյունքում հայտնաբերված հնագույն առարկաները կցուցադրվեն Կարսի թանգարանում՝ փոխանցում է Duvar English-ը:
Պարբերականը նշում է, որ 10-րդ դարում Անին միջնադարյան հայոց Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքն է եղել:
Անին, որը նաև անվանել են «1001 եկեղեցիների քաղաք», «քաղաքակրթության բնօրրան» և «40 դուռ ունեցող քաղաք», ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառվել է 2016-ին:
Նոր պեղումների արդյունքում կբացահայտվի հնագույն քաղաքի թաքնված պատմությունը: Աշխատանքները կտևեն 12 ամիս: