Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ. կառուցվում է նոր ժամանման սրահ, իրականացվում է վազքուղու ամբողջական նորոգում:
«Շիրակ» օդանավակայանի ժամանման հին սրահը, որն ունի 400 քմ մակերես, բացարձակապես դուրս էր նորմերից և ուղևորների համար առաջացնում էր խնդիրներ:
Կառուցվող նոր ժամանման սրահը կունենա 870 քմ մակերես, որտեղ կգործի անձնագրային հսկողություն իրականացնող ծառայության 8 խցիկ, և կլինի ուղեբեռի փոխադրման ժապավեն, որոնց շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկինում ստեղծվող դժվարությունները:
Նոր ժամանման սրահը կունենա բավականաչափ թողունակություն՝ ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորությամբ, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է մինչև 3 անգամ ավելացնել:
«Շիրակ» օդանավակայանի փաստացի թողունակությունը կազմում է տարեկան 250.000 ուղևոր, որը կհասցվի մինչև 700.000 ուղևորի:
Նոր ժամանման սրահը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբեր ամսին:
Միևնույն ժամանակ ընթացքի մեջ են գտնվում վազքուղու ամբողջական նորոգման շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են սույն թվականի հուլիսի 15-ին և նախատեսվում են ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 1-ը:
Հարկ է նշել, որ թեև վազքուղու ասֆալտապատ ծածկույթի կյանքի միջին տևողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում վազքուղու վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն առաջացել է 14 տարի անց (վերջին անգամ նորոգվել էր 2007 թ.), ինչը փաստում է նախկինում իրականացված աշխատանքների բարձր որակը:
14 տարվա շահագործումից վազքուղու վրա առաջացել էին բազմաթիվ և բազմատեսակ ճաքեր ու վնասվածքներ և, ելնելով վազքուղու փաստացի վիճակից, անհրաժեշտություն էր առաջացել իրականացնել վերանորոգման աշխատանք:
«Շիրակ» օդանավակայանում իրականացված ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդումն իրականացվել է ժամանման սրահի կառուցման համար, իսկ 6 մլն ԱՄՆ դոլարը՝ վազքուղու կառուցման: