Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն:
Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով:
Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև:
Սրճարանների և բարերի սեփականատերերը, ովքեր չեն ենթարկվում փոփոխությանը, նախազգուշացվում են, իսկ երկրորդ խախտման դեպքում գործում է տվյալ օբյեկտների 7-օրյա փակման հրահանգը: Եթե հետագայում էլ չպահպանեն ընդունված կարգը, վերջիններս կարող են ենթարկվել մեկ տարվա ազատազրկման:
Եվրոպական երկրներից Իտալիայում ևս ներդրվել են առողջապահական նմանատիպ կարգավորումներ, բայց Ֆրանսիան կիրառում է համապարփակ մոտեցում:
Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ հուլիսի վերջին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված յուրաքանչյուր 10 պացիենտից 9-ը պատվաստված չեն եղել:
Հարցումները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների մեծ մասը կողմ է առողջության անձնագրի կիրառմանը: