Ավազակային հարձակման հետևանքով դանակի 11 հարված ստացած Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը գիտակցության է եկել: Հարձակումը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով:
Արտահերթ նիստի օրակարգում 4 հարց է: Առաջինը՝ պոմպակայան ձեռք բերելու համար գումար հատկացնելու մասին:
Սերգեյ Ներսեսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Նախատեսվում է հատկացնել 72 մլն 500 հազար դրամ՝ Խանջյան 2-ի 6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռքբերման համար:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց՝ պոմպակայանն ի՞նչ հզորություն ունի և ի՞նչ նպատակի է ծառայելու:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այդ պոմպակայանով այժմ մենք իրականացնում ենք Կենտրոն վարչական շրջանի ոռոգման մեծ մասը: Պոմպակայանի վերանորոգման, ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում հնարավորություն կունենա ամբողջ Կենտրոն վարչական շրջանը ոռոգելու համար:
Պոմպակայանն իրավական առումով գտնվում է սնանկ ճանաչված «Կենտրոն կանաչապատում» ընկերության հաշվեկշռում: Համայնքը այն ձեռք կբերի, իսկ գումարը կուղղվի ընկերության պարտավորությունների ամբողջական մարմանը: Իսկ ինչո՞ւ է հիմնարկը սնանկ ճանաչվել, հետաքրքրվեց ավագանու անդամ Տիգրան Գալստյանը:
Հրաչյա Սարգսյան - 2020-ի մայիսին ավագանին որոշում ընդունեց, որ Երևանի 11 ՓԲԸ-ները լուծարվեն, և լուծարման ընթացքն այս պահի դրությամբ ընթանում է: Լուծարման ընթացքում «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն մինչ 2020-ը ուներ պարտավորություններ 7 մլն 900 հազար դրամի շրջանակում: Հարկային մարմինները դիմել են դատարան, որ այն սնանկ ճանաչվի:
Լևոն Զաքարյանն էլ նկատեց՝ «Կանաչապատման և աղբահանության հիմնարկի» աշխատակիցների համար մայրաքաղաքում հանդերձարաններ չկան:
Լևոն Զաքարյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Առնվազն ես իմ աչքով եմ տեսել, որ այդ կանայք փոխվում են դրսում ինչ-որ կերպ: Կխնդրեմ, որ համայնքապատկան կառույցները օտարման հանելու փոխարեն տրամադրենք այդ մարդկանց, որ կարողանանա նորմալ պայմաններ ունենալ:
Կանաչապատման ՀՈԱԿ-ը նոր և մեծ շինություն կունենա՝ բոլոր հարմարություններով: Շինարարությունը կմեկնարկի շուտով՝ հայտնեց քաղաքապետը:
Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Նախագծի մեջ ամեն ինչ հաշվի է առած՝ հանգստի սենյակ, ճաշասենյակ և այլն: Էս պահին արդեն ստորագրել եմ մրցույթի դիմումը, որը պետք է դրվի:
Էրեբունի փողոցի համար 8 հասցեում գտնվող 2000 ք/մ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխվեց: Այստեղ նախատեսվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցել հիմնական դպրոց՝ 430 աշակերտի համար:
Փոխվեց նաև Գրիբոյեդովի 48/6 հասցեում գտվող հողամասի նպատակային նշանակությունը. այս հասցեում կկառուցվի բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր: