2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը: Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
Լուսինե Ավետիսյան (շրջակա միջավայրի նախարարության ռազմավարության քաղաքականության վարչության պետ) - Պետք է մեծ աջակցություն լինի մեծ առևտրի օբյեկտներին, որոնք պետք է ևս նախաձեռնեն: Դրանց փոխարինող կտորի տոպրակները պետք է լինեն ալտերնատիվ տարբերակը, և, կարծում եմ՝ արդեն իսկ կան առևտրի կետեր, որոնք իրականացնում են այդ քայլերը:
Շրջակա միջավայրի նախարարության հիմնական նպատակը պլաստիկի կրճատումն է: Որպես առաջին թիրախային խումբ ընտրել են մեկանգամյա օգտագործման տոպրակները:
Լուսինե Ավետիսյան - Շատ կարևոր է այս ամենի իրազեկումը, մանավանդ արգելքի մասին տեղեկատվության տարածումը այսօր, որովհետև, ճիշտ է՝ օրենքն ընդունվել է, պետք է կիրարկվի, բայց, այնուհանդերձ, շատ քաղաքացիներ, առևտրի կետեր և այլն իրենք անգամ տեղեկացված չեն սրա մասին:
Շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել տարբեր նախագծեր, որոնց նպատակն է խուսափել պլաստիկից և այլընտրանք առաջարկել: Դրանցից մեկը «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության «Հավատարմության տոպրակ» նախագիծն է:
Իրինա Մկրտչյան («Այ էս էս Դի» ՀԿ համահիմնադիր) - Ծրագիրն ունի հեռախոսային հավելված: Երբ դուք ձեռք եք բերում ձեր տոպրակը, պետք է սկանավորեք տոպրակի վրայի կոդը, որը հայտնվելու է ձեր հեռախոսի հավելվածի մեջ, և գնումներ կատարելիս ամեն գործարք արտացոլվում է ձեր հավելվածի մեջ, և դուք կարողանում եք նաև հետևել, թե որքան գնումներ եք կատարել տարբեր գործընկեր խանութներից:
«Հավատարմության տոպրակներ» նախագիծը հեռախոսային հավելվածի միջոցով ցույց է տալիս, թե օգտատերը որքանով ներդրում ունեցավ Հայաստանի բնության պահպանման գործում:
Լուսինե Մկրտչյան - Որոշակի քանակի ճիշտ տեսակավորված աղբի դիմաց մենք նվիրում ենք «Հավատարմության տոպրակ», ընդ որում՝ տեսակավորողն ինքը նախապես ընտրում է իր նախընտրած դիզայնը, մոտենում գրասենյակ, ներկայացնում թափոնները և ստանում իր նախընտրած տոպրակը: Այսկերպ փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր համերկրացիները, համաքաղաքացիները նաև բնապահպանական տեսանկյունից նոր մշակույթ ձեռք բերեն:
Այլընտրանքային տարբերակ են նաև կենսաքայքայվող մեկանգամյա և բազմակի օգտագործման տոպրակները, որոնք պատրաստված են պոլիվինիլային սպիրտից, ինչը ոչ թունավոր, ջրում լուծվող նյութ է: Պոլիմերից պատրաստված տոպրակները՝ կախված տեսակից, լուծվում են տաք և սառը ջրի մեջ՝ չվտանգելով շրջակա միջավայրը, այդ թվում՝ ջրային ռեսուրսները:
Ավետիս Վարոսյան (գործարար) - Կենսաքայքայման և քայքայման միջև կան բազմաթիվ տարբերություններ: Դրանցից առաջինը քայքայումից հետո առաջացած և շրջակա միջավայր արտանետվող տարրերի և էլեմենտների տեսակներն ու քանակներն են, որոնք մեր տոպրակների մասով բացառապես անվտանգ են բնության համար:
Կենսաքայքայվող տոպրակները, ի տարբերություն պաստիկե տարբերակի, ավելի թանկ են, փոխարենը՝ անվնաս:
Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան