ԻՐԱՔԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ
Իրաքի արտաքին գործերի նախարարն առաջիկա օրերին կայցելի Թեհրան: Նպատակն է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին պաշտոնապես հրավիրել մասնակցելու տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Սիրիայի անվտանգության հարցերով հանդիպմանը: Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ֆուադ Հոսեյնը նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ Իրաքի անվտանգությանն առնչվող հարցեր: Իրաքի արտաքին գործերի նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նույնպես հրավիրել է մասնակցել հանդիպմանը:
ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Վրաստանում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի 50 ընտրական սուբյեկտ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի է ունեցել վիճակահանություն, որով հայտնի է դարձել, թե որ կուսակցությունը ինչ համարով է հանդես գալու առաջիկա ընտրություններում: Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին:
ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ ՄՈՏ 35 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ Է ԿՐԵԼ
Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել երկրին: Նախնական հաշվարկով՝ անտառային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը: Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված HelpTurkey հեշթեգով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ օգտահաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ սերմանել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ 350 ԳՅՈՒՂ ԾԱԾԿՎԵԼ Է ՋՐՈՎ
Հնդկաստանում տեղատարափ անձրևների պատճառով ավելի քան 350 գյուղ ծածկվել է ջրով: Անձրևներն արդեն մեկ շաբաթ է՝ չեն դադարում Հնդկաստանում, ինչի հետևանքով Գանգես և Յամունա գետերի ջրի մակարդակը բարձրացել է: Գանգես գետի ջրի մակարդակը 2 մետրով բարձր է վտանգավոր համարվող մակարդակից: Վերջին երեք շաբաթում տեղատարափ անձրևների և հեղեղումների հետևանքով Հնդկաստանում զոհվել է ավելի քան 400 մարդ: