Ցանցի մեջ քարեր են, ցանցերով տների-այգիների համար՝ միանման ցանկապատ։ Շինարարական նոու-հաուն Արագածոտնի Լուսագյուղում է։ Բնակիչները դրա կառուցման վրա գումար չեն ծախսել` վստահեցնում է վարչական ղեկավարը։
Քաջիկ Զաքարյան (Լուսագյուղի վարչական ղեկավար) - Գաղափարը ծրագրի ղեկավարի՝ Բադալյան Մերուժի միտքն ա, դե, բարեգործական ա ինքը, 8 մլն դոլար ա ներդնում:
Ցանկապատից բացի, բարեգործական ծրագրով գյուղում արդեն 40 տան տանիք են նորոգել։ Ընդ որում՝ անվճար թիթեղի հետ միասին մարդիկ ստանում են նաև վարպետի փողը, եթե իհարկե կտուրը սեփական ուժերով են սարքում։ Իրենց բաժին անակնկալից տիկին Ամալյան դեռ ոգևորված է։Շուտով ամբողջ գյուղը կունենա նույնատիպ տանիքներ։ Ծրագրով նախատեսված խաղահրապարակն արդեն պատրաստ է։ Մինչև 2024 թվականը կլուծեն նաև ճանապարհի ու ջրահեռացման ցանցի հարցը։ Համայնքապետարանն ու բուժկետը լինելու են հեքիաթի տնակ հիշեցնող փայտե այս շենքում․ էկոգյուղ են դառնում, պատկերացրեք, ասում են՝ Ապարանի Փարիզ։ Պատահական չէ, որ ֆինանսավորողը հենց իրենց բնակավայրն է ընտրել։
Քաջիկ Զաքարյան - Գյուղերից մեր գյուղն ա հավանել, լավ տեղեր ունինք, տուրիզմն ենք ուզում զարգացնել, Վերի վանք ունենք՝ 4-րդ դար, Մխեվանք ունենք՝ 4-րդ դարի։
Անծանոթների օր օրի ավելացող ամառային այցերից համոզվում են՝ շուտով Հայաստանում հայտնի են դառնալու։ Եկվորներն ավելի շատ բարեկամի տուն՝ հովին հանգստանալո՞ւ են գալիս, անտառափեշի խնջույքների՞, թե՞ եկեղեցիները տեսնելու՝ գյուղական վիճակագրությունը փոքրերն են ճշգրտում։
Մարդիկ թող գան, սիրուն, խնամված գյուղ տեսնեն։ Հյուրերին այստեղ ցուցադրելու, համտեսի ու վաճառելու ապրանք շատ ունեն՝ փնջած ուրց-ավելուկից մինչև տնական պանիր ու անարատ այլ գյուղմթերք։
Մեղվապահ լուսագյուղցին ասում է՝ տանիքը նորացնելու իրենց հերթը հասնի, կմտածի նաև տունը մի քիչ ձևափոխելու մասին։ Պետք է, չէ՞, պայմանները հարմարեցնի գիշերակացի համար հյուր ընդունելուն։
Հյուրի սենյակ, հյուրատուն կահավորողները, ըստ գյուղում տարածվող խոսակցությունների, շատանում են։ Տուրիստական չափանիշն ընտրված է․ կատակ բան չէ՝ Ապարանի Փարիզ դառնալ։