ՀԱՊԿ-ում որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին դիմավորելով Պաշտպանության նախարարությունում՝ ափսոսանք է հայտնել մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավար Արշակ Կարապետյանը:
Արշակ Կարապետյան, Պաշտպանության նախարար - Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիսին: Հայաստանի համար այդ պահին բավականին լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիսին ադրբեջանական զինուժը երկու ուղղությամբ ներխուժեց հայկական տարածք. դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք, որևէ պարագայում չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միաժամանակ՝ պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միաժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ:
Իսկ ՀԱՊԿ-ում մեր երկրի նախագահության առաջնահերթությունն է լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները: Ստանիսլավ Զասը Պաշտպանության նախարարին տեղեկացրել է Դուշանբեում ծրագրվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստերի ու վեհաժողովի անցկացման աշխատանքների մասին: Հենց այդ վեհաժողովում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանին:
Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական զինուժի ներթափանցման հետևանքները և Ադրբեջանի պարբերական սադրանքները, այդ թվում՝ Նախիջևանի տարածքից արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգային իրավիճակի մասին քննարկումներում հայկական կողմը շեշտել է Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներն ու դրանցից բխող սպառնալիքները։ Կողմերը նման իրավիճակում անհրաժեշտ են համարել դեէսկալացիան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահության մասին. Գրիգորյանը տեղեկացրել է՝ հայկական նախագահության հայեցակարգում առաջնահերթություն է կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։ Ստանիսլավ Զասը վստահեցրել է՝ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը՝ հայկական կողմի առաջնահերթությունները կյանքի կոչելու համար։
Ստանիսլավ Զասի հայաստանյան այցի հաջորդ հասցեն Անվտանգության խորհուրդն է: Գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ քննարկումների օրակարգում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն է: Քննարկել են նաև այս տարվա սեպտեմբերին Տաջիկստանում սպասվող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի նախագծերը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ փաշինյանի հետ: