Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
««Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։
Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց: Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունը, ըստ անհրաժեշտության, շարունակվելու է ևս մի քանի օր։
Հիշեցում․
մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը: