2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով:
2020 թվականի ճգնաժամային տարում 1,4 տոկոս աճ արձանագրած գյուղատնտեսության ոլորտն այս տարվա 6 ամիսներին ավելի մեծ տեմպով է առաջ շարժվում: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքով՝ այս աճը հիմնականում պայմանավորված է բուսաբուծության ոլորտով, որը որոշ չափով մեղմել է նաև անասնաբուծության փոքր անկումը:
Արման Խոջոյան (էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Հատկանշական է, որ այսօրվա դրությամբ Հայաստանից թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը կազմում է շուրջ 127 հազար տոննա, որը շուրջ 2 անգամ ավելի է նախորդ տարի արտահանված բանջարեղենից: Պետք է հստակ արձանագրել, որ նախորդ տարի այս բոլոր ուղղություններով նույնպես աճ է գրանցվել: Այսինքն՝ մեր համեմատական ցուցանիշները աճ գրանցած ենթաուղղությունների հետ են:
Պահածոների արտահանումը կիսամյակային տվյալներով աճել է մոտ 59 տոկոսով, մրգահյութերի արտահանումը՝ 114, իսկ գինու արտահանումը՝ 55 տոկոսով: Գյուղատնտես Հարություն Մնացականյանի համար սպասելի էր այս աճը. ըստ նրա՝ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:
Հարություն Մնացականյան (գյուղատնտես) - Առաջինը պայմանավորված է այգեհիմնման աշխատանքներով: Վերջին 3-4 տարիներին մեծ ծավալով այգեհիմնման աշխատանքներ եղան, և արդեն պիտի այս տարի ստանային բերք, նաև ջերմատնային տնտեսությունների աճը: 5 տարի գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցել, այդ անկումն անսահմանափակ չէր կարող լինել, ինչ-որ կետից պիտի զրոյանար, հետո սկսեր որոշակի տոկոս աճ:
Աճ կա բոլոր ուղղություններով, և, ըստ Արման Խոջոյանի՝ դա պահպանվելու է: Փոխնախարարի պնդմամբ՝ այս ամենին նպաստում են Կառավարության օժանդակության ծրագրերը: Արձանագրվել և այդ տեմպը պահպանվում է:
Արման Խոջոյան - էապես օգնում են, որպեսզի մեր արտադրողները և՛ ունենան մրցունակ արտադրանք արտահանման շուկայում, և՛ կարողանան մատչելի շրջանառու միջոցներ ներգրավելով լինել մրցունակ, արտադրել բարձրորակ ապրանք և ընդլայնել իրենց մատակարարման շղթաները:
Էկոնոմիկայի նախարարության իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը, ըստ Հարություն Մնացականյանի՝ անհրաժեշտ են, բայց ոչ բավարար:
Հարություն Մնացականյան - Պետք է ավելի խոշոր, ավելի լայնամասշտաբ, ավելի հետևողական քայլեր ձեռնարկեն, այլապես նման քայլերը, որ հիմա են կատարվում, լինելու են կարճաժամկետ:
Ըստ գյուղատնտեսի՝ եթե պետությունը գյուղոլորտում լավ աշխատանք կատարի, հնարավոր է տարեկան երկնիշ աճ ապահովել:
Հարություն Մնացականյան - Ամենաառաջինը պետք է ոռոգման համակարգը բարելավվի: Եթե ոռոգման համակարգը բարելավեցին, և այս մասշտաբի կորուստներ չեղան, ջրի դեֆիցիտ, ջրի խնդիր չեղավ, ու գյուղացիների հետ էլ ինտերակտիվությունը պահելով՝ հնարավոր է մինչև 20 տոկոս:
Արման Խոջոյանը նշում է՝ ամփոփ վերլուծություն է արվում՝ հասկանալու, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Կառավարության ծրագրերն այս աճի վրա: Ըստ նրա՝ ոլորտը մեծ ներուժ ունի:
Արման Խոջոյան - Արդյունավետ օգտագործելով մեր ռեսուրսները՝ հողը, ջուրը, և կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ՝ հնարավոր է էապես բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում արդյունավետությունը, որն էլ կնպաստի մեծ աճի: Բայց մինչև այդ ամենը իրականացնելը մեծ աշխատանք ունենք մենք բոլորս իրականացնելու, և, կարծում եմ, որ այն ուղղությունը և ծրագրերը, որոնք այսօր մենք իրականացնում ենք, բոլորը միտված են հենց այդ նպատակին:
Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության ծրագրում հստակ նշված են գյուղատնտեսության ոլորտում առաջիկա 5 տարիների անելիքները:
Հաստատումից հետո նախ դա կներկայացնեն հանրությանը, ապա կսկսեն կյանքի կոչել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան