Արագ կողմնորոշվել, գտնել պահանջարկն ու մասնագետներ պատրաստել: Պատերազմից հետո Արմեն Խաչատրյանն ու սփյուռքում հաջողությունների հասած հայ գիտնականները որոշեցին և ստեղծեցին նախաձեռնություն՝ աջակցելու պատերազմով անցած երիտասարդներին:
Արմեն Խաչատրյան (SASTIC նախաձեռնության համահիմնադիր) - Դա դարձնել կայուն մոդել, կայուն աշխատող ընկերություն, որը հետագայում ավելի երկար ծրագրեր կմշակի ու կաշխատացնի մեր երկրի ու տնտեսության համար:
Արդեն 140 գիտնական աշխարհի տարբեր անկյուններից արձագանքնել և միացել է նախաձեռնությանը: Ֆինանսական հարցրեը իրենք են լուծել՝ յուրաքանչյուրն ամսական տալիս է անդամավճար, և հավաքված գումարը ծառայում է ըստ նպատակի: Պատերազմից վերադարձած երիտասարդների համար արդեն կազմակերպվել է մրցութային առաջին փուլը, ընդունվել բոլորի գաղափարները: 90 երիտասարդ ներկայացրել է գիտահենք ծրագրեր:
Արմեն Խաչատրյան - Մեկ-երկու շաբաթից կճանաչվեն այն հաղթողները, որոնցում արդեն մեր համայնքը, հայ համայնքը, որը հավաքվել է, առաջին ներդրումը կանի այդ ընկերություններում:
Նախագծերը տարբեր են, բայց առաջնային դիտարկում են իմպլանտների ոլորտը հաշմանդամություն ստացած երիտասարդներին աջակցելու համար: Գտնում են ընկերությունների, որոնք զբաղվում են իմպլանտներով, նաև ֆինանսապես աջակցում ծրագրերի իրագործմանը:
Արմեն Խաչատրյան - Կան աշխատանքային խմբեր արհեստական բանականության ուղղությամբ, ունենք մասնագետներ Գերմանիայից, Իտալիայից, տարբեր տեղերից, որոնք հավաքվել են, փորձում են հասկանալ ակտուալ խնդիրները, որ կան Հայաստանում:
Ոչ միայն բանակից վերադարձածներին, նաև նրանց ընտանիքների համար կազմակերպում են առանձին դասընթացներ՝ օգնելով հեշտ կողմնորոշվել իրենց նախագծերում:
Արմեն Խաչատրյան - Շահառուներն են պատերազմից եկած երիտասարդները, նրանց ընտանիքները, բայց ոչ թե ֆինանսական օգնություն ենք ուզում ցույց տալ, ուզում ենք իրար հետ գտնել ծրագրեր, որտեղ իրենց անհրաժեշտ թրեյնինգ կապահովվի, հետո աշխատանքի ապահովում կլինի:
Կայք են բացել և երեք պատուհան ստեղծել նախաձեռնությանն անդամակցելու և սեփական գաղափարներն իրագործելու համար: Ուսումնասիրում են շուկան՝ հասկանալու համար առաջնային ուղղությունները, որից հետո արդեն պետք է գտնել ընկերություններ, համատեղ աշխատել և վերջում օգնել երիտասարդներին ընդունվել աշխատանքի: