Տիկին Վիկտորյան ավելի քան 30 տարի է՝ հանրակացարանում է բնակվում. 1989-ին ընտանիքի հետ տեղահանվեց Ադրբեջանից: Օրեր առաջ ստացել է երկար սպասված բնակարանի գնման վկայականը:
Վիկտորյա Բեգլարյան (ծրագրի շահառու) - Ուրախ եմ, էն էլ ոնց, իմ տխուր խոսելիս մի՛ նայի, ես շատ եմ ուրախ:
Այստեղ ապրում է դստեր հետ: Արդեն սկսել են տան փնտրտուքը: Հաշմանդամության երկրորդ կարգ ունի, դժվարանում է քայլել, օգտվել ընդհանուր օգտագործման սանհանգույցից, որը բավական հեռու է: Ասում է՝ բնակարանը փրկություն կլինի, թեև այստեղ բոլոր բնակիչների հետ էլ շատ կապված է:
Վիկտորիա Բեգլարյան - Ստեղ մի հարևանը ասում ա՝ ես չէի ուզի, որ դու գնայիր, էն մեկն էլ ա մոտեցել՝ ես չէի ուզի, որ դու գնայիր, մենք միշտ իրար հետ լեզու ենք ճարել:
Տիկին Վիկտորյան ու 1988-1992 թթ. Ադրբեջանից տեղահանված ևս 23 փախստական ընտանիք Միգրացիոն ծառայությունից ստացան բնակարանի գնման վկայագրեր: Բնակապահովման ծրագրի երրորդ փուլի շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Դիմում են ներկայացրել մոտ 160-ը:
Արմեն Ղազարյան (ՀՀ միգրացիոն ծառայության պետ) - Գործում է Կառավարության որոշմամբ նախատեսված և տարածքային կառավարման նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողով, որը յուրաքանչյուր գործի վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ, և դրանց հիման վրա տրվում են բնակարանի գնման վկայականներ:
Շուտով տեղի կունենա նաև հանձնաժողովի երկրորդ նիստը, և առաջիկա մի քանի ամսվա ընթացքում գործընթացը կիրականացվի ամբողջությամբ: Բնակարանի գնման վկայական ստացած յուրաքանչյուր անձ կունենա մեկ տարի ժամանակ՝ ձեռք բերել բնակարան հանրապետության ցանկացած տարածքում:
Արմեն Ղազարյան - Բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է տրամադրմանը նախորդած կիսամյակում Կադաստրի կոմիտեի կողմից հրապարակված Երևանի պարագայում մոտարկվում է Ավան վարչական շրջանի կադաստրայինին մոտարկված շուկայական արժեքի 1 քմ գնի չափով, մարզերում կորոշվի ըստ յուրաքանչյուր մարզի գնի:
Միգրացիոն ծառայության պետն ընդգծում է՝ մինչև երրորդ փուլի մեկնարկը նախորդ փուլերով Երևանի տասը վարչական շրջաններում ծրագիրն իրականացվել է: Առաջին փուլով տրամադրված բնակարանի գնման բոլոր վկայագրերն իրացվել են:
Արմեն Ղազարյան - 2019-ի վերջին ընդունվել է համապատասխան որոշումը, և 2020-ից սկսել են հատկացվել գնման վկայագրերը: Այս 1,5 տարվա ընթացքում տրամադրվել է 200-ից ավելի բնակարանի գնման վկայագիր, որոնցից 60 տոկոսն արդեն իսկ իրացված է:
Ծրագրի երրորդ փուլի իրականացման համար պետությունը 2 միլիարդից ավելի գումար է հատկացրել: Նախատեսում են հաշվառումներ իրականացնել նաև մարզերում ու երրորդ փուլի ավարտից հետո այնտեղ բնակվող փախստականների բնակապահովման հարցը ևս լուծել: