Ազգային ժողովի երեք մշտական հանձնաժողովում իշխանությունն ու ընդդիմությունն առաջադրել են նախագահի իրենց թեկնածուներին: «Քաղաքացիական պայմանագիրը» Պետաիրավական ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներում առաջարկում է ընտրել Վլադիմիր Վարդանյանին և Անդրանիկ Քոչարյանին, իսկ «Հայաստան» խմբակցությունը Տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Հակոբյանին:
7-րդ գումարման Ազգային ժողովում այս հանձնաժողովը ղեկավարած Վլադիմիր Վարդանյանն ամբիոնից խոսեց նախորդ երեք տարվա կատարած աշխատանքից, անդրադարձավ արդարադատության համակարգի բարեփոխումներին՝ կարևորելով դրանց շարունակականությունը: Ընդդիմադիրները, մինչդեռ, պնդում են՝ դատաիրավական ոլորտում խնդիրներն ակնհայտ են: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը թեկնածուին խնդրեց անդրադառնալ Վերաքննիչ քրեական դատարանի ավտոմատ համակարգի` ԱԱԾ-ի կողմից առգրավման փաստին` նշելով, որ դատական գործերի մակագրումը տեղի է ունենում կասկածելի եղանակով:
«Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը երկար տարիներ սահմանադրական դատարանում աշխատած Վլադիմիր Վարդանյանին հարցրեց, թե բարոյապես ինչպե՞ս է իրեն զգացել, երբ դատարանները, այդ թվում՝ ՍԴ-ն շրջափակելու կոչեր էին հնչում:
Վլադիմիր Վարդանյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Բարոյական կողմը դուք չէ, որ պետք է գնահատեք: Ես մշտապես եղել եմ, կամ ու կմնամ Սահմանադրական արդարադատության պաշտպան:
Նախորդ խորհրդարանում ևս Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանն ամբիոնից հայտարարեց՝ նոր իրականությունը, որի մեջ հայտնվել է պետությունը, պահանջում է ձևավորել նոր մոտեցումներ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ՝ շեշտը դնելով անվտանգային բաղադրիչի վրա:
Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը՝ շեշտեց «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աննա Գրիգորյան: Պատգամավորը մեջբերեց Պաշտպանության նախարարության հաղորդագրություններից մեկը, որում նշվում էր Մոսկվայում հնարավոր բանակցություններին զուգահեռ հակառակորդի նախահարձակ գործողությունների մասին, ապա խնդրեց Անդրանիկ Քոչարյանին պարզաբանել, թե ինչ բանակցությունների մասին է խոսքը:
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Քննարկվել են սահմանային իրավիճակում հնարավոր զարգացումները կանխելը: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, կդժվարանամ ասել, բայց հաստատ ի վնաս Հայաստանի չէ:
Իսկ հետպատերազմյան շրջանում ի՞նչ քայլեր է ձեռնարկել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ հնարավոր սխալների շտկման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը խոսեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայրենիքի փրկության շարժման ակցիաներից:
Արտահերթ ելույթով հանդես եկավ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր գործընկերներին հակադարձելուց հետո նա անդրադարձավ նաև այսօր իր և Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հանդիպմանը: