Այսօր ներկայացվել է կլիմայի փոփոխության վերաբերյալ երբևէ հրապարակված ամենամեծ զեկույցը, որը, ըստ փորձագետների, «կարմիր լույս է» ողջ մարդկության համար: Ուսումնասիրությունը հիմնված է 14000 գիտական հոդվածի վրա:
«Սա կլիմայի փոփոխություն չէ, սա կլիմայական քաոս է». այսպես է արձագանքել Կլիմայի փոփոխությունների միջպետական հանձնաժողովի (IPCC) զեկույցին ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների կոնվենցիայի նախկին գլխավոր քարտուղար Քրիստիանա Ֆիգերեսը:
Հեղինակներն աներկբա են համարում, որ գլոբալ տաքացման համար պատասխանատու է մարդկությունը: Ըստ նրանց՝ որոշ փոփոխություններ, ինչպես ծովի մակարդակի բարձրացումը, անշրջելի են: Բայց հույս կա, որ ջերմոցային գազերի արտանետումների էական կրճատումները կարող են կայունացնել ջերմաստիճանի բարձրացումը:
Բնապահպանական փորձագետներն ասում են, որ զեկույցը «արթնանալու ահազանգ» է կառավարություններին արտանետումները նվազեցնելու համար:
Ուսումնասիրության հիմնական հետևություններն են՝
-
2011-2020 թթ. մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը 1.09C- ով ավելի բարձր էր, քան 1850-1900-թթ.:
-
Անցած հինգ տարիներն ամենաշոգն են եղել երբևէ գրանցված 1850 թվականից ի վեր:
-
Ծովի մակարդակի բարձրացման տեմպերը գրեթե եռապատկվել են՝ 1901-1971 թթ. համեմատ:
-
«Շատ հավանական է» (90%), որ 1990-ականներից ի վեր սառցադաշտերի գլոբալ նահանջի և Արկտիկական ծովի սառույցի նվազման հիմնական շարժիչ ուժը մարդկային ազդեցությունն է:
-
Հաստատվել է, որ ծայրահեղ շոգերը, ներառյալ ջերմային ալիքները, 1950-ականներից ի վեր ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դարձել, մինչդեռ ցրտահարությունները դարձել են ավելի քիչ և ավելի խստաշունչ:
Զեկույցի հեղինակների կանխատեսումները ՝
-
Մինչև 2040 թվականը ջերմաստիճանը կհասնի 1.5C-ի 1850-1900 թթ. մակարդակից բարձր՝ արտանետումների բոլոր սցենարներով:
-
Արկտիկան, հավանաբար, առնվազն մեկ անգամ մինչև 2050 թվականը՝ սառույցից գրեթե զերծ կլինի սեպտեմբերին դիտարկված բոլոր սցենարներում:
-
Աննախադեպ իրադարձությունների աճ կգրանցվի նույնիսկ 1.5 աստիճան տաքացման դեպքում:
-
Կանխատեսվում է, որ ծովի մակարդակի ծայրահեղ բարձրացման դեպքերը, որոնք կրկնվում էին հարյուր տարին մեկ, մինչև 2100 թ. կկրկնվեն և կդառնան առնվազն տարին մեկ:
-
Հնարավոր է, որ շատ շրջաններում կգերակայի հրդեհավտանգ եղանակը:
Ծովի սառույցի կարևորությունը
Չնայած ծովի սառույցը հիմնականում Արկտիկայում և Անտարկտիկայում է, այն հալչելիս «դոմինոյի էֆեկտ» է առաջացնում ամբողջ մոլորակում: Դա պայմանավորված է նրանով, որ սառույցի փայլուն մակերեսն արևի լույսն արտացոլում է հետ՝ դեպի մթնոլորտ և տիեզերք՝ ապահովելով բևեռային շրջաններում շատ ավելի սառը ջերմաստիճան, քան հասարակածում է:
Բայց քանի որ սառույցն աստիճանաբար հալչում է, արևի լույսն արտացոլող ավելի քիչ շողացող մակերեսներ կան, ինչը նշանակում է, որ ավելի շատ ջերմություն է կլանվում մակերևույթում, և օվկիանոսների ջերմաստիճանը բարձրանում է:
Տաքացած օվկիանոսն ավելի է հալեցնում սառույցը՝ առաջացնելով տաքացման և հալման շարունակական շրջապտույտ: Դա նաև խաթարում է օվկիանոսի բնականոն շրջանառությունը, ինչն ազդում է նաև ամբողջ մոլորակի կլիմայի վրա:
Ինչ վտանգներ է պարունակում ծովի մակարդակի բարձրանումը
Տաքացման պատճառով ծովի մակարդակը բարձրանում է բևեռային շրջաններում, ինչը միաժամանակ հալեցնում է ծովի սառույցը և առաջացնում ջերմային ընդլայնում, երբ ջուրը ծովի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ֆիզիկապես ընդլայնվում է:
Սա խնդիր է, քանի որ եթե ծովի մակարդակը նույնքան արագ բարձրանա, ի վերջո, ափամերձ շրջանները, և, հնարավոր է, կղզիներն ամբողջությամբ, հեղեղվեն կամ ջրի տակ անցնեն: Հետևաբար, միլիոնավոր մարդիկ կարող են տեղահանվել և կենսական նշանակության հողեր կորսվեն:
ՄԱԿ -ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը, արձագանքելով այսօրվա զեկույցին, ասել է՝ «Մենք պետք է կլիմայի փոփոխությանը վերաբերվենք որպես անմիջական սպառնալիքի... Կլիմայի փոփոխությունն այստեղ է, հիմա: Բայց մենք նույնպես այստեղ ենք: Եվ եթե մենք չգործենք, ո՞վ կանի»: