Քանի դեռ դպրոցներում արձակուրդ է, դպրոցականները «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ծանոթանում են 6000 տարվա պատմություն ունեցող Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Վաղ բրոնզի դարում այստեղ ցորեն են մշակել, ապացույցն էլ՝ պեղումների ընթացքում հնագետների հայտնաբերած ցորենի հատիկներն են: Թանգարանում համաշխարհային առումով բացառիկ այլ ցուցանմուշներ էլ կան, յուրօրինակ կահ-կարասի, աշխատանքային գործիքներ ու եզակի համարվող այս ծիսական օջախը:
Արա Հարությունյան («Էրեբունի» թանգարանի «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղի ղեկավար ) - 6000 տարի առաջ օջախը օգտագործել է կենցաղում առարկա, ծիսական է եղել, նաև կերակուր պատրաստելու համար:
Այն, ինչ տեսան ու լսեցին, դպրոցականների համար նոր բացահայտում էր, իսկ թե ինչպես են հնագետներն այս ամենը բացահայտել՝ սեփական փորձով կպարզեն: Հերթը պեղումներինն է:
«Եկեք պեղենք միասին» կրթական ծրագրի շրջանակում դպրոցականներն արհեստական այս պեղավայրում իրենց համար նոր բացահայտումներ են անում:
Հատուկ գործիքներով ավազի շերտը հեռացնում են, թաքնված կավե իրերը զգուշությամբ դուրս բերում:
Գայանե Վաթյան - Գտել եմ բաժակ, նախատեսված է գինի խմելու համար:
Հնավայրի տարածքում կրթական ծրագրի շրջանակում պեղումներին կարող են մասնակցել 4-12-րդ դասարանցիները: Այստեղ միասին կբացահայտեն վաղ բրոնզեդարյա մշակույթը, ծեսերը, հետո արդեն գործի կանցնեն:
Արա Հարութունյան - Առաջնահերթ մեր նպատակն է հանրությանը հանրաճանաչ դարձնել Շենգավիթ հնավայրը, վերաիմաստավորել շենգավիթյան մշակույթը, իսկ երեխաների համար կրթական ծրագրերը նպատակ ունեն ավելի հետաքրքիր դարձնել հնավայրը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի մարդու կենցաղին:
Հնագիտական բացահայտումներից հետո հերթն արդեն նետաձգությանն է: Սա վաղ բրոնզեդարյա մշակույթի մի մասն էր, որին թանգարանի փոքրիկ այցելուները մոտիկից են ծանոթանում ու նոր հմտություններ ձեռք բերում:
Աննա Մարգարյան (ծնող) - Ամռան շրջանում երեխաների բազմակողմանի զարգացումը շատ կարևոր է:
Կրթական այս ծրագրերով թանգարանում մտադիր են պատմական արժեքավոր այս տեղանքը՝ Շենգավիթ բնակավայրը վերարժևորել: Քաղաքակրթության արմատները հենց այստեղից են գալիս ու ավելի քան 6000 տարվա պատմություն ունեն, մինչդեռ շատերը դրա մասին չգիտեն: