«Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» ծրագրի շրջանակում Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի հետազոտողների խումբն ուսումնասիրել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բոլոր բնակավայրերի բարբառները:
Արդյունքում հրապարակվել են գրքեր, որոնցում ներկայացված է վերը նշված մարզերի բարբառը: Ծրագրի հեղինակ, Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի խոսքով՝ հետազոտությունների արդյունքում բացահայտել են, որ մինչ այդ մեռած համարվող Վանի բարբառով խոսում են Կոտայքի մարզում: Այստեղ ապրողներն իրենց խոսույթում օգտագործում են նաև Մշո բարբառի որոշ տարրեր:
Վիկտոր Կատվալյան («Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր» ծրագրի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բարբառագետ) - Շատ հետաքրքիր էր տեսնել, որ Մշո բարբառում «դնել» և «էնել-անել» բայերը անցյալ հիմքում «ր» չունեն, այնտեղ ասում են՝ էնեցի, դնեցի:
Հեղինակ՝ Տաթև Նաջարյան